Երուսաղեմի կենտրոնում տեղակայված գրասենյակային շինության անվտանգության աշխատակիցը, հուլիսի 22-ին, սպանել է երկու մարդու՝ առայժմ չպարզված հանգամանքներում: Այս մասին հաղորդել է իսրայելական ոստիկանությունը:

Իրավապահները ընդգծում են, որ միջադեպը ահաբեկչական նկատառումների հետ կապված չէ:Նախնական հետաքննության տվյալներով՝ պահապանը մտել է իրավաբանական գրասենյակ, որը տեղակայված է քաղաքի ամենամարդաշատ փողոցներից մեկում: Նա հրացանից կրակոցներ արձակելով սպանել է ընկերության սեփականատիրոջն ու աշխատակցուհիներից մեկին: «Սա քրեական միջադեպ է»,-ասել է ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Միկի Ռոզենֆելդը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Հարձակում գործողը փորձել է փախչել, սակայն ոստիկանությունը բռնել է նրան եւ ներկայումս հարցաքննում է:

Մոտ մեկ ամիս առաջ Երուսաղեմում՝ Լացի պատի մոտ, զինված պահապանի ձեռքով սպանվել էր իսրայելցի հրեա, որին պահապանն ընդունել է իբրեւ արաբ ահաբեկիչ այն բանից հետո, ինչ նա գոռացել է «Ալլահ աքբար»: