ԱՄՆ-ի արդարադատության նախարարության ստորաբաժանումը՝ Դաշնային մարշալների ծառայությունը (USMS) մոտ 2 հազար ռադիոհաղորդիչ եւ կապի այլ միջոցներ է կորցրել: Մոտ 6 մլն գնահատվող կորուստը վտանգի տակ է դնում դաշնային դատավորների եւ մարշալների պաշտպանության ներքո գտնվողների անվտանգությունը: The Wall Street Journal-ը տեղեկացել է, որ  մարշալների ծառայությունը  իր աշխատակիցների կողմից օգտագործվող կապի միջոցների կորուստ է հայտնաբերել, հայտնում է Russia Today-ը:

 Ծառայության ներկայացուցիչները մտավախություն ունեն, որ սարքերը կարող են  հանցագործների ձեռքում հայտնվել, որոնք կգաղտնալսեն մարշալների զրույցները, ինչը սպառնալիքի տակ է դնում բոլոր նրանց, ովքեր USMS-ի պաշտպանության ներքո են: Գերատեսչության մամուլի ծառայության աշխատակից Դրյու Ուեյդը չի հաստատել կապի միջոցների կորուստը: Ըստ նրա՝ դրանք ոչ թե կորել, այլ փոխանցվել են ուրիշ դաշնային ծառայությունների կամ էլ ոչնչացվել են՝ առանց համապատասխան փաստաթղթերի լրացման:

Իրենց հերթին, ծառայության աշխատակիցները խիստ մտահոգված են: Ըստ նրանց՝ անգամ ամենաարդիական հաղորդակցային սարքերը, որոնք հեռակա անջատման համակարգ ունեն, իրականում ոչ ոքի կողմից չեն անջատվում, ինչը սպառնալիքի տակ է դնում մարշալների պաշտպանած անձանց:

Այս պահին ծառայությունը լայնածավալ ստուգում է սկսել եւ հույս ունի առաջիկայում ցրել այդ առթիվ եղած բոլոր մտավախությունները: