Մյանմարի նախագահ Թեյն Սեյնը այսօր՝ հուլիսի 23-ին, համաներման հրամանագիր է ստորագրել, ըստ որի 70 քաղբանտարկյալներ ազատ կարձակվեն: Այս մասին հաղորդում է Ֆրանս Պրեսս գործակալությունը: Ավելի վաղ այս ամիս Մեծ Բրիտանիա կատարած այցի ժամանակ Թեյն Սեյնը հայտարարել էր, որ Մյանմարում «մինչեւ տարեվերջ ազատ կարձակվեն բոլոր քաղբանտարկյալները», փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 «Երաշխավորում եմ, որ մինչ այդ երկրում քաղբանտարկյալներ չեն մնա: Մենք կեսդարյա ռազմական եւ բռնատիրական իշխանությունից անցում ենք կատարում ժողովրդավարության»,-ասել է նա: Ընդ որում, նա չի նշել այն բանտարկյալների թիվը, որոնք ճաղերի հետեւում են գտնվում իրենց համոզմունքների համար: Տարբեր գնահատականների համաձայն՝ նրանց թիվը հասնում է մի քանի հարյուրի: