Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետով ոչ մի փամփուշտ չի անցնի: Վրաստանում գործում է «Օկուպացիայի մասին» օրենքը, որը կտրականապես արգելում է երկրի տարածքով ռուսաստանյան սպառազինության տեղափոխումը: Այդ մասին մարտի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գրիգոլ Տաբատաձեն:
Նրա խոսքով, մարտի 1-ին աշխատանքը վերսկսած «Վերին Լարս» անցակետը մարտից մինչեւ հոկտեմբեր աշխատելու է ժամը 6-ից 22-ը, նոյեմբերից փետրվար՝ 7-ից 19-ը: «Վիզաները անցակետում չեն տրամադրվելու: Միակ սահմանափակումն այն է, որ արգելվում է հետիոտն հատել սահմանը: Համաձայնվելով բացել անցակետը՝ Վրաստանը, չունենալով ուղղակի տնտեսական շահ, դա արել է իր հայ բարեկամների համար: Քանի որ Վրաստանի օրենսդրությամբ տարանցվող բեռները չեն հարկվում»,- ասել է դիվանագետը:
Վրաստանի դեսպանը նշել է, թե «2008թ. իրադարձություններից հետո պաշտոնական Թբիլիսին չի կարող որեւէ հարցում զարմանալ երկրի անվտանգության առումով», սակայն «Վերին Լարսի» բացման հարցի քննարկման արդյունքները թույլ տվեցին Անվտանգության Խորհրդում դրական լուծում տալ անցակետի բացմանը:
Գրիգոլ Տաբատաձեն նշել է նաեւ, որ անցակետի բացումը որեւէ կերպ չի կարելի դիտարկել վրաց-ռուսական հարաբերությունների կարգավորման համատեքստում: «Մենք սկզբունքային դիրքորոշում ունենք, համաձայն որի՝ Մոսկվայի հետ երկխոսության մասին կարելի է խոսել միայն Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը ճանաչելուց հրաժարվելու դեպքում: Թբիլիսիի այդ դիրքորոշումը չի կարող փոխվել: Ավելին, եթե հիշում եք՝ անցակետը փակվել է Ռուսաստանի կողմից դեռ 2006թ., երբ մենք բացահայտեցինք լրտեսությամբ զբաղվող չորս ռուս զինծառայողների, այլ ոչ թե վերջին պատերազմի ժամանակ»,- մանրամասնել է դեսպանը:



























