Էշով  մահապարտը երեքշաբթի Աֆղանստանի արեւելքում սպանել է ՆԱՏՕ-ի երեք զինվորների եւ թարգմանիչ աֆղանցուն:

Միջազգային գործակալությունները, վկայակոչելով տեղի իշխանություններին եւ ՆԱՏՕ-ի հրամանատարությանը, հայտնում են, որ մահապարտը էշով մոտեցել է փոքր ռազմական ջոկատին եւ պայթեցրել իրեն: Ողբերգությունը տեղի է ունեցել հուլիսի 22-ի առավոտյան՝ Քաբուլից հարավ գտնվող Վարդակ նահանգում: 

Վիրավորվել են  աֆղանցի եւս չորս զինվորներ:  Հայտնի չէ, թե ՆԱՏՕ-ի զորակազմի որ երկրների զինվորներ են սպանվել,  տեղեկացնում է  BBC-ի ռուսական ծառայությունը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Աֆղանստանի հարավում հուլիսի 20-ին պայթյունների շարք էր տեղի ունեցել, զոհվել էր 15 մարդ, այդ թվում՝ վեց ուժայիններ:  Չորս ռումբ էր պայթել Հիլմենդ նահանգում: Տեղի իշխանության ներկայացուցիչ Օմար Զվակը հայտնել էր, որ ռումբերից մեկը պայթեցրել էր այն մեքենան, որում  գտնվում էին մեկ ոստիկան եւ  հետախուզական ծառայության չորս աշխատակիցներ, այդ թվում նաեւ՝ Սանգինի հետախուզության ծառայության պետի տեղակալը: