Վաշինգթոնի բուսաբանական այգում ծաղկել է աշխարհի ամենագարշահոտ ծաղիկը: Ըստ բուսաբանական դասակարգման՝ այն ունի Տիտան Արում (Titan Arum) գեղեցիկ անվանումը՝ թեեւ ավելի շատ հայտնի է  «դիակային» ծաղիկ անունով:

Ըստ բուսաբան Բիլ ՄաքԼաֆլինի՝ Տիտան Արումն աշխարհի ամենախոշոր ծաղկող բույսերից է: Դրա բարձրությունը 2,5 մ է, այն չափազանց տհաճ հոտ ունի:  Ծաղկի հայրենիքը ինդոնեզական Սումատրա կղզու արեւադարձային անտառներն են: Սակայն այնտեղ գարշահոտության պատճառով այն ոչնչացվել էր: Իսկ ահա Վաշինգթոնի բուսաբանական այգում ծաղկի մոտ մեծ հերթ է գոյացել, եւ ամեն մեկը ձգտում է որքան հնարավոր է մոտ գնալ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

Ծաղկի հոտն զգացած ամեն մեկն այն նկարագրում է յուրովի՝ որպես հոտած ձկան, հոտած ձվերի, նեխած մսի կամ Նյու Յորքի աղբանոցի հոտ: Բարեբախտաբար, Տիտան Արումը ծաղկում է շատ հազվադեպ: Ասում են՝ Ամերիկայում սա ընդամենը 30-րդ դեպքն է երկրի ողջ պատմության ընթացքում: