Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ԱՄՆ-ում հրատարակվող Foreign Policy («Արտաքին քաղաքականություն») ամսագրի կողմից ճանաչել է տարվա լավագույն դիվանագետներից մեկը: Ամսագիրն այդ կապակցությամբ գրել է. «Խիզախ ու հրապարակավ արտահայտվող Դավութօղլուն հավատում է օսմանյան փառքի վերականգնմանը, ըստ որի՝ Թուրքիան նորից պետք է ծանրակշիռ դեր ունենա Մերձավոր Արեւելքում: Նրա ղեկավարությամբ Թուրքիան ամրապնդում է կապերը արաբական աշխարհի հետ` ձգտելով միջնորդի դերակատարություն ստանձնել արաբա-իսրայելական խնդրի լուծման գործում»: Պարբերականը մեջբերում է Դավութօղլուի խոսքերը՝ կապված Թուրքիայի ԵՄ անդամակցության հետ, որտեղ ասված է. «Թուրքիան կարող է եվրոպացի լինել Եվրոպայում ու ասիացի` Ասիայում, քանի որ երկուսն էլ մենք ենք»:

Նշենք, որ բացի Դավութօղլուից, լավագույն դիվանագետներ են ճանաչվել նաեւ Սինգապուրի նախկին վարչապետը, Բրազիլիայի ԱԳ նախարարը եւ Մեծ Բրիտանիայում Սաուդյան Արաբիայի նախկին դեսպանը: Ընդհանուր առմամբ, ամեն տարի այդ գնահատականին արժանանում են 4 դիվանագետներ: Foreign Policy-ն լավագույն դիվանագետներին համեմատում է ԱՄՆ նախկին պետքարտուղար, Նոբելյան մրցանակակիր Հենրի Քիսինջերի հետ, նրանց համարելով «Նոր քիսինջերներ»: