Մարտի 10-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է ամրագոտիները չկապելու 23 հազար 46 դեպք եւ հետիոտնի կողմից ճանապարհը սխալ հատվածում հատելու 7718 խախտում։ Մարտի 11-ին լրագրողների հետ հանդիպանը այսպիսի վիճակագրական տվյալներ ներկայացրեց ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը։ Վերջինս նշեց նաեւ, որ 2010 թվականի մարտի 10-ի դրությամբ եղել է 298 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքվ զոհվել է 40 մարդ եւ վիրավորվել 410 քաղաքացի։ 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ, 4-ով ավելացել է դեպքերի եւ 20-ով վիրավորվածների քանակը, 8-ով կրճատվել է զոհերի քանակը։

Ճանապարհային ոստիկանության պետն ընդգծեց, որ շարունակվում է ամենօրյա հսկողությունը փողոցների ոչ ճիշտ հատվածից անցնելու, նաեւ ամրագոտիները կապելու ուղղությամբ։

Մարգար Օհանյանը հավելեց, որ այս տարվա երկրորդ կիսամյակին ճանապարհային ոստիանությունը ուշադրությունը սեւեռելու է մեքենաներում բջջային հեռախոսով խոսելու, ծխելու եւ աղբ նետելու հարցերին։

Լրագրողի հարցին, թե արդյոք կանանց միամսյակի կապակցությամբ որեւէ զիջումներ կլինեն կին վարորդների համար, ոստիկանապետը նշեց, որ կին վարորդները շատ ավելի կարգապահ վարորդներ են եւ քիչ խախտումներ են կատարում ու «ամբողջ տարի իրենց համար միամսյակի պես է»։