Արտերկրում բլոգները կարող են եկամտի իրական աղբյուր լինել, իսկ Հայաստանում այդ մշակույթը դեռ նոր է սկսում ձեւավորվել։ Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց «ՆեոՄեդիա» նախագծի համահեղինակ եւ համաադմինիստրատոր Վարդան Պապիկյանը՝ հավելելով, որ լավ բլոգերները շատ արագ կարողանում են ընթերցողների մեծ բանակ հավաքել եւ վաստակում են ավելի շատ եկամուտներ, քան մի ամբողջ ինտերնետային խանութը։
«Հայաստանում այս մշակույթը նոր է ձեւավորվում, եւ շատերը բլոգով՝ որպես եկամուտի աղբյուրի, նոր են սկսում հետաքրքրվել»,- ասաց Պապիկյանը՝ ավելացնելով, որ այժմ հայաստանյան բլոգերները դեռեւս փոքր գումարներ են վաստակում բլոգում կոնտեքստ գովազդ տեղադրելով։
Ըստ Պապիկյանի՝ անհատի քաղաքական բլոգում դժվար թե որեւէ գործարար ցանկանա գովազդ տեղադրել, իսկ թեմատիկ բլոգներում կարելի է թեմատիկ գովազդը առաջ մղել։ «Հայաստանյան թեմատիկ բլոգների ավելացումը կարող է նպաստել բլոգներում գովազդի տարածմանը»,- ասաց Պապիկյանը՝ ավելացնելով, որ վերջին ամիսներին հատկապես Հայաստանում ինտերնետային գովազդով հետաքրքրվողների թիվն ավելացել է:



















