Ֆրանսահայ համայնքի աջակությամբ Հայաստանում ոսկերչական դպրոց է բացվելու։ Այս մասին մարտի 11-ին լրագրողներին տեղեկացրեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ով նույնպես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Ֆրանսիա կատարած եռօրյա պաշտոնական այցի պատվիրակության անդամ էր։ Նախարարը նշեց, որ այցի շրջանակում հանդիպել է ֆրանսահայ իրավաբանների, ճարտարապետների, ոսկերիչների, ինչպես նաեւ համայնքի կրթական հաստատությունների ներկայացուցիչների հետ։ Ըստ նրա՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ֆրանսահայ իրավաբանները կսկսեն զբաղվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի իրավաբանական հարցերով։ Ֆրանսահայ ականավոր իրավաբանները, ըստ Հակոբյանի, կսկսեն լրջորեն զբաղվել նաեւ արտասահմանում ազգային փոքրամասնություն համարվող հայկական սփյուռքի հարցերով, որպեսզի նրանց իրավունքներն ավելի պաշտպանված լինեն։
Սփյուռքի նախարարը տեղեկացրեց նաեւ, որ կրթական հաստատությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ուսումնական ընդհանուր ձեռնարկներ մշակելու մասին հարցեր։ Ձեռնարկների ստեղծումից հետո դրանք տարածվելու են հայկական բոլոր գաղթօջախներում։



















