Թուրքիայի կառավարությունը Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի ընդունումից հետո հանդես է եկել հայտարարությամբ: «Մենք շվեդական խորհրդարանում Օսմանյան կայսրության վերջին շրջանում որոշ ազգերի նկատմամբ տեղի ունեցածը ցեղասպանություն որակող օրինագծի ընդունումը ցավով ենք լսում եւ այդ որոշումը խիստ քննադատում ենք: Այդ հիմնազուրկ որոշումը, որտեղ մեծ սխալներ կան, մեր ժողովուրդը եւ կառավարությունը մերժում է:

Քաղաքական ենթատեքստ ունեցող այս որոշումը չի համապատասխանում թուրք-շվեդական հարաբերություններին եւ մեր ժողովուրդների միջեւ համագործակցությանն ու բարեկամությանը: Թուրքիան է, որ կոչ է անում առերես դուրս գալ պատմության դեմ: Պատգամավորների եւ քաղաքական գործիչների պարտականության մեջ չի մտնում դատապարտել պատմական իրադարձությունները: Նրանք պետք է պատմությունից դաս առնեն եւ ապագան կառուցեն:

2010-ի մարտի 17-ի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Շվեդիա չեղյալ ենք համարում: Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանն էլ խորհրդակցության նպատակով Անկարա է կանչվել»-նշվում է Թուրքիայի կառավարության հայտարարության մեջ:

Շվեդիայի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրինագծի ընդունումից հետո Շվեդիայի հասցեին քննադատություններով են հանդես եկել Թուրքիայի խորհրդարանական երեք կուսակցությունների ներկայացուցիչները:

Նշենք, որ Շվեդիայի խորհրդարանը (Ռիկստագ) ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ։ Շրջանառության մեջ դրված նախագծի լոբբինգը կատարում էին շվեդիայի 3 ընդդիմադիր՝ Սոցիալ-դեմոկրատական, Կանաչների եւ Ձախերի կուսակցությունները։ Բանաձեւն ընդունվել է 131 կողմ եւ 130 դեմ ձայների հարաբերակցությամբ։