Հայաստանի եւ ԵՄ միջեւ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագրի վերաբերյալ բանակցությունների ավարտը, անկասկած, Երեւանի դիվանագիտական հաջողությունն  է: Այս մասին NEWS.am-ին ասաց Երկրաքաղաքագիտական վերլուծության եվրոպական կենտրոնի տնօրեն Մաթեուշ Պիսկորսկին:

«Միաժամանակ պետք է հիշել, որ ասոցացման ձեւաչափը պատադիր չէ, որ հանգեցնի ԵՄ  անդամակցության, իսկ Հայաստանի դեպքում այն ավելի շուտ  կփոխարինի Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրին, որն ստորագրվել է 1999թ-ին»,-նշեց քաղաքագետը: Նրա համոզմամբ` արդեն հիմա Հայաստանը մերձենում է ԵՄ տնտեսական տարածքին եւ դրա համար կողմերի միջեւ առանձին պայմանագրերի անհրաժեշտություն չկար:

«Ասոցացման եւ ազատ առեւտրի մասին համաձայնագրեր  ստորագրվել են մի շարք երկրների հետ, այդ թվում` Հյուսիսային Աֆրիկայի  եւ Մերձավոր Արեւելքի  երկրների հետ: Եւ դա չի նշանակում, որ Բրյուսելը պատրաստ է դիտարկել այդ եկրների ԵՄ անդամակցույթան հարցը»,-ընդգծեց Պիսկորսկին` ավելացնելով, որ իհարկե կարելի է նաեւ բերել Կենտրոնական Եվրոպայի երկրների օրինակը, որոնք ստացել են ԵՄ անդամ երկրի կարգավիճակ ասոցացման համաձայնագրից 12 տարի անց: Այդ ամենը, ըստ նրա, տեղի է ունեցել տնտեսական փոփոխությունների ծանր փուլում. «Այդ տեսակետից ասոցացումը կարող է տնտեսապես ռիսկային լինել  եւ անգամ վտանգավոր Հայաստանի համար»,-նշեց քաղաքագետը:

Հիշեցնենք, որ Հայաստանն ու ԵՄ-ն հուլիսի 24-ին հաջողությամբ ավարտել էին համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները: