Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հուլիսի 26-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորած պատվիրակությունը` ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետության Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի:

Ողջունելով Ռուսաստանի տրանսպորտի նախարարի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձել է երկու երկրների գործակցային ջերմ հարաբերություններին: Նորին Սրբությունը կարեւորել է երկու ժողովուրդների` քրտինքով եւ արյամբ նվիրագործված բարեկամական հարաբերությունների նախանձախնդիր պահպանումն ու զարգացումը: Վեհափառ Հայրապետը զրույցի ընթացքում նշել է, որ հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության կերտման ակունքներում քրիստոնեական հավատն է եղել ու այսօր էլ Հայ Առաքելական եւ Ռուս Ուղղափառ Եկեղեցիներն առանձնակի ջանքեր են ներդնում երկու երկրների հարաբերությունների ամրապնդման համար:

Հանդիպմանը  Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձել է սեպտեմբերին կայանալիք Մոսկվայի նորակառույց առաջնորդանիստ հայկական եկեղեցու օծման արարողությանը, որը նշանակալի կարեւորություն պիտի ունենա մասնավորապես Ռուսաստանի հայ համայնքի համար:

Իր հերթին Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը շնորհակալություն է հայտնել համաքրիստոնեական նշանակություն ունեցող հայոց հոգեւոր կենտրոնում ջերմ ընդունելության համար` ուրախությամբ արձանագրելով, որ երկու երկրների հարաբերությունները հատկանշվում են ոչ միայն սերտ գործակցային, այլեւ բարեկամական ոգով: