Հայաստանի ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը երեկ՝ հուլիսի 27-ին աշխատանքից ազատել է Կենտրոնի բաժնի պետ Սերոբ Հարությունյանին:
Թե ինչն էր պաշտոնանակության պատճառը, NEWS.am-ը փորձեց պարզել Սերոբ Հարությունյանից, սակայն վերջինս, իմանալով, որ իրեն զանգահարողը լրագրող է՝ անջատեց հեռախոսը, որից հետո չպատասխանեց մեր զանգերին:
Ինչ վերաբերում է տարածված լուրերին, թե նրա պաշտոնանկության պատճառը կարող է պայմանավորված լինել ուղեվարձի սակագնի թանկացման դեմ բողոքի ակցիայի ակտիվիստներին ոստիկանություն տանելու հետ, ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հերքեց՝ Սերոբ Հարությունյանի պաշտոնանկությունը համարելով ոստիկանությունում ընթացող կադրային փոփոխությունների համատեքստում: «Որեւէ կապ չունի ակցիայի մի քանի մասնակիցներին ոստիկանություն տանելու հետ: Մեկ անգամ եւս նշենք, որ նրանցից մի քանիսի նկատմամբ վարչական իրավախախտման արձանագրություններ կազմվել են օրենքով սահմանված կարգով, եւ ոստիկանների գործողությունները եղել են իրավաչափ»,- նշեց նա:
Չնայած ոստիկանության հավաստիացումներին, Սերոբ Հարությունյանի պաշտոնանակությունը ուշագրավ է, քանի որ նա համարվում է Վլադիմիր Գասպարյանի կադրը եւ ոստիկանություն է տեղափոխվել Գասպարյանի ոստիականապետ նշանակվելուց հետո: Կարճ ժամանակահատվածում նրան վստահվեց մի քանի կարեւոր պաշտոններ: Նախ նշանակվեց Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության պետ, այնուհետեւ «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանապետ, ապա Կենտրոնի պետ, որը տեւեց ընդամենը ութ ամիս: Ըստ NEWS.am-ի աղբյուրների` Սերոբ Հարությունյանը, ամենայն հավանականությամբ, շուտով համակարգում նոր պաշտոն կզբաղեցնի:
Նշենք, որ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Հարությունյանը աշխատանքից ազատվել եւ կադրերի ռեզերվ է ուղարկվել: ՀՀ Ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Ոստիկանության Կենտրոնի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել նույն ոստիկանության բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:





























