Գեղարքունիքի մարզի Գագարին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել վթար: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե ահազանգը ստացվել է հուլիսի 28-ին, ժամը 17.24-ին:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Սեւան-Երեւան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Օպել» մակնիշի 33 OP 503 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել արգելապատնեշին:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ՝ 1988 թ. ծնված Ս. Ն-ը եւ ուղեւոր՝ 1989 թ. ծնված Մ. Պ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասնածքներով դուրս են բերվել ավտոմեքենայից եւ հոսպիտալացվել Սեւան քաղաքի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: