Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի Լիսոգորսկայա գյուղում հետաքննում են ֆերմերի ընտանիքի նկատմամբ հաշվեհարդարը:
«Քննությունը դիտարկում է մի քանի վարկածներ, որոնցից գլխավորը` տանտիրոջ առեւտրային գործունեության հետ կապված սպանությունն է, նաեւ անձնական վատ հարաբերությունների պատճառով կատարված սպանությունը»,- հայտնել է Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Ելենա Գրիշկոն, հաղորդում է Lifenews-ը:
Ինչպես պատմել են Լիանա, Արսեն, Թամարա եւ Խաչատուր Ղազարյանի հարեւանները, բազմոցին, որի վրա սովորաբար քնում էին ծնողները, այս գիշեր քնած են եղել երեխաները:
Մասնագետների տվյալներով` հանցագործը հայ գործարարի տուն ներթափանցել է ձեղնահարկից, եւ մտել հյուրասենյակ: Այնտեղ բազմոցին քույր ու եղբայր քնած են եղել: Չհասկանալով, որ նրանց դիմաց քնած են ոչ թե գործարարն ու նրա կինը, այլ երեխաները, մարդասպանը մի քանի գնդակ է արձակել քնած երեխաների` 11-ամյա Լիանայի եւ 16-ամյա Արսենի վրա:
Աղմուկից արթնացել է մայրը` Թամարան: Գիտակցելով, որ սխալվել է, մարդասպանը կրակել է կնոջ գլխին ու հեռացել: Սակայն նա վրիպել է, եւ գնդակը դիպել է Թամարայի ծնոտին` մնալով ատամի մեջ: Հենց դրա շնորհիվ էլ կինը ողջ է մնացել:
Կրակոցների ձայները լսել են հարեւանները, որոնք էլ ահազանգել են ոստիկանություն: Կենդանի մնացած կինը նկարագրել է հանցագործին` միջին տարիքի, նիհար տղամարդու: Սակայն որոնողական գործողություններին խանգարել է անձրեւը, հովվաշունը չի կարողացել գտնել նրա հետքը:
Խաչատուր Ղազարյանի խոսքով, իրեն եւս կասկածյալ են համարում, եւ փորձագետները նրա մաշկից նմուշներ են վերցրել` փորձաքննություն անցկացնելու համար:





























