Փաստաբան Ռուբեն Մարգարյանը, ով իրականացնում է Մոսկվայում տեղի ունեցած ավտովթարից հետո ՌԴ Քրեական օրենսգրքի 264 հոդվածի 4-րդ մասով մեղադրվող եւ այժմ «Մատրոսկայա տիշինա» մեկուսարանում գտնվող Հրաչյա Հարությունյանի պաշտպանությունը, այսօր՝ հուլիսի 29-ին Երեւանում հանդիպել է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հետ:
Հարցերը, որոնք ուղղակիորեն վերաբերում էին քրեական գործի մանրամասներին, հասկանալի պատճառներով չեն ներկայացվել ԶԼՄ-ներին, իսկ ինչ վերաբերում է կասկածյալի պահման եւ նրան դատարանի դահլիճ կանացի հագուստով բերման հանգամանքներին, փաստաբան Ռուբեն Մարգարյանը հայտնեց բառացիորեն հետեւյալը. «Օրերս՝ հուլիսի 23-ին, ես հանձն եմ առել այս գործը, իսկ արդեն հուլիսի 24-ին ես եւ իմ գործընկերները քննիչից ստացել ենք մեկուսարանում մեղադրյալին այցելելու թույլտվություն, եւ հուլիսի 25-ին ես անձամբ հանդիպել եմ Հրաչյա Հարությունյանին «Մատրոսկայա տիշինա»-ում:
Պահման պայմանները լիովին բավարար են, նա դուրս է գալիս շոկից, բայց դեռեւս գտնվում է բժիշկների հսկողության տակ եւ ստանում անհրաժեշտ բուժօգնություն: Նոր Նախիջեւանի եւ Հայ առաքելական եկեղեցու ռուսական թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոսը թույլտվություն է խնդրել, որպեսզի եկեղեցու ներկայացուցիչները մուտք գործեն Հարությունյանի մոտ: Նման վիճակում հոգեւոր աջակցությունը խիստ անհրաժեշտ է մարդուն, եւ մենք քայլեր ենք ձեռնարկում այդ հանդիպումը կազմակերպելու համար:
Ինչ վերաբերում կասկածյալին դատարանի դահլիճ կանացի հագուստով բերման ենթարկելու հանգամանքին, որը բոլորի մոտ վրդովմունք առաջացրեց, ապա ես վստահ եմ, որ պատկան մարմինները կտան իրենց գնահատականը այդ փաստին, եւ մարդու իրավունքների նման խախտումը անհետեւանք չի մնա: ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը արդեն իսկ համապատասխան դիմում է ուղարկել, իսկ ես իմ կողմից կարող եմ ասել, որ եւ՛ որպես Հրաչյա Հարությունյանի փաստաբան-պաշտպան, եւ՛ որպես ՌԴ արդարադատության նախարարությանը կից գործող Հասարակական խորհրդի անդամ, մտադիր չեմ անուշադրության մատնել այս հարցը եւ վերաբերվել դրան որպես քիչ կարեւորություն ունեցող հանգամանքի, ավելին, պատրաստվում եմ այն հասցնել տրամաբանական ավարտի:
Ակնհայտ է, որ այս միջադեպը որեւէ կապ չունի մեղադրյալի ազգային պատկանելիության հետ, սա պարզապես ակնառու օրինակ է մարդու հանդեպ «համակարգային անտարբերության», ով քրեական դատավարության գործընթացում հայտնվել է կասկածյալ-մեղադրյալ կարգավիճակում: Այստեղ դժվար է մատնանշել մեկ չինովնիկի, ով թույլ է տվել իրավախախտում մի մարդու հանդեպ, ով տրավմայի եւ դեղորայքի արդյունքում այդպես էլ չէր հասկանում, թե ուր են իրեն տանում: Քննիչը, «իբր», պարտավոր չէր հետեւել նրան, թե ինչ հագուստով մեղադրյալին կտանեն դատարան. նրա խնդիրն էր դատարան ներկայացնել կալանքի տակ վերցնելու մասին միջնորդություն, իսկ մացածը, «իբր», դուրս էր նրա պատասխանատվությունից:
Ուղեկցողները եւս «իբր» կապ չունեին. այդ պահին ձերբակալվածի համար պատասխանատու էիր ոչ թե Պատժի կրման ֆեդերատիվ ծառայությունը, այլ Ներքին գործերի նախարարությունը, իսկ ինչ վերաբերում է ոստիկաններին, նրանք պարզապես հսկում էին ձերբակալվածին հիվանդանոցում: Բժիշկները, ովքեր կտրել էին հիվանդի հագուստը օգնություն ցուցաբերելու համար, «իբր» պարտավոր չէին նրա համար այլ հագուստ փնտրել, առավել եւս, որ հիվանդին հիվանդանոցից որեւէ տեղ տանելը նրանց նախաձեռնությունը չէր: Իսկ դատավո՞րը... Ահա դատավորը, ի դեպ, հենց այն անձն է, ով պարտավոր է դատարանի դահլիճում հետեւել կարգուկանոնին, նա դատարանում գլխավորն է, եւ տարօրինակ է, որ նրա մոտ հարց չի առաջացել, թե ինչու մեղադրյալը, լինելով տղամարդ, կանացի հագուստով է: Գուցե եւ դատավորը մտածել է այդ հարցի շուրջ, սակայն ուշ է եղել, քանի որ դատարանի դահլիճ արդեն մուտք էին գործել լրատվամիջոցները, եւ կանացի հագուստով լուսանկարը, որը հետագայում դարձավ համընդհանուր քննարկաման առարկա, արդեն արվել էր: Ոչ ոք «իբր» մեղավոր չէ, բայց ստացվում է, որ բոլորը պարզապես անտարբեր էին: Այդ պատճառով էլ դա կարելի է անվանել «համակարգային անտարբերություն», որը չի կարելի հաղթահարել միայն ուղեկցող ոստիկանին նկատողություն տալով: Կրկնվեմ՝ բոլոր դեպքերում այս հարցը մենք տրամաբանական ավարտին կհասցնենք»:
Բացի այդ, փաստաբան Ռուբեն Մարգարյանը, ով հասարակական հիմունքներով ստանձնել է Նոր Նախիջեւանի ու Հայ առաքելական եկեղեցու ռուսական թեմի կողմից վերջերս Մոսկվայում ստեղծված Անվճար իրավաբանական աջակցության կենտրոնի ղեկավարությունը, Պաշտպանին ներկայացրեց իրենց գործունեությունը՝ առաջկելով քննարկել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի եւ Կենտրոնի համագործակցության հնարավորությունները :





























