Մի շարք երկրների քաղաքացիներ 3 հազար ֆունտ սթերլինգ (մոտ 4,6 հազար դոլար) գրավ պետք է մուծեն Մեծ Բրիտանիայի զբոսաշրջային վիզա ստանալու համար: Այս մասին այսօր՝ հուլիսի 29-ին, հայտնել են տեղի ՆԳՆ-ում:

Այս մեխանիզմը կսկսի աշխատել թեստային ռեժիմում մի շարք երկրների քաղաքացիների համար: Ենթադրվում է, որ նման միջոցառումն, առաջին հերթին, կվերաբերի Նիգերիայի, Գանայի, Հնդկաստանի, Պակիստանի, Բանգլադեշի եւ Շրի Լանկայի քաղաքացիներին: Հայտարարությունում չի հստակեցվում, թե կոնկրետ երբ է բրիտանական կողմը նախատեսում կիրառել այս մեթոդը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Եթե այս մեխանիզմը հաջողություն ունենա, ՆԳՆ-ն մտադիր է այն կիրառել բոլոր երկրների քաղաքացիների նկատմամբ:

ՆԳՆ-ում հայտնել են, որ գրավի ինստիտուտի ներդրումը կարեւոր քայլ է երկրի միգրացիոն քաղաքականության ոլորտում, քանի որ դա թույլ կտա, որպեսզի երկիր ժամանեն «լավագույններից լավագույնները»: