ՀԴԲ-ի գործակալները ազատել են 105 դեռահասի, որոնք երկար ժամանակ ենթարկվել են սեռական բռնության եւ շահագործման, հայտնում է NBC News-ը: Ձերբակալություններ են տեղի ունեցել երկրի 70 քաղաքներում, ձերբակալվել է 150 կավատ: Նրանց ամենադեռատի զոհը 13-ամյա մի տղա է եղել:
Անհետ կորած եւ սեռական շահագործման ենթարկված երեխաների ազգային կենտրոնի ներկայացուցիչ Ջոյ Ռայնը պատմել է, որ կազմակերպոթյունը համագործակցել է ՀԴԲ-ի հետ հանցագործներին բռնելու գործողության ընթացքում, որին նախորդել են հետախուզության 72 ժամերը: Ըստ Ռայնի` երեխաների նկատմամբ սեռական բռնության տեսագրությունները հաճախ հայտնվում են էլեկտրոնային կայքերում եւ արգելված ամսագրերում: «Մենք պետք է հիշենք, որ այդ երեխաները զոհեր են: Նրանք շատ փոքր են` սեռական հարաբերությունների համաձայնելու համար»,- նրա խոսքերը հաղորդում է Russia Today-ը:
Կավատները որպես կանոն հետապնդում են աղքատ ընտանիքների երեխաներին: Նրանք շատ հաճախ կիրառել են այսպես կոչված «սեւ կայքերը», որոնց միջոցով էլ իրականացրել են «ծառայությունների վաճառքը», նշում է NBC News-ը: Այսօրվա դրությամբ ՀԴԲ-ի իրականացրած այս հատուկ գործողությունն անչափահասների նկատմամբ սեռական բռնությունը եւ շահագործումն արմատախիլ անելու ամենախոշոր գործողությունն էր:





























