Ղարաբաղյան կողմը պաշտոնապես չի ստացել Մադրիդյան սկզբունքները: Այդ մասին ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ժոաո Սոարեշի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը՝ հավելելով, որ «բնականաբար Ղարաբաղում գիտեն այդ սկզբունքների մասին, քանի որ անցած տարի դրանք հրապարակվեցին եւ դրանցում մեծ գաղտնիք չկա»։

Ըստ Ղուլյանի՝ հնարավոր է, որ մարտի վերջին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հերթական տարածաշրջանային այցի ընթացքում ներկայացնեն այդ սկզբունքները:

Մեկնաբանելով ԵԱՀԿ ԽՎ ղարաբաղյան հակամարտության հարցով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի հայտարարությունը, թե ինքը խնդրի արագ կարգավորման անհրաժեշտություն է տեսնում, Աշոտ Ղուլյանը նշեց. «Երեւի նկատել եք, որ նա ամեն տարի հայտարարում է, թե այդ տարին վճռորոշ կլինի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, բայց գործընթացը դրանից ոչ շահում է, ոչ տուժում»: