ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի եղբայրը` Շիրակի մարզային վարչության պետի նախկին տեղակալ Հարություն Ավետիսյանը, ով Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից աշխատանքից ազատվել էր կադրերի ռեզերվ էր ուղարկվել, դիմում է գրել եւ, դուրս գալով համակարգից, թոշակի է անցել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: Ինչպես նաեւ տեղեկացրեց, որ եղբոր դիմումն արդեն մակագրվել է:
Հարցին, թե եղբայրը հիասթափությունից է այդ քայլին դիմել կարծելով, թե իր աշխատանքը հավուր պատշաճի չի գնահատվել, թե իսկապես այդպես է ցանկացել, Ավետիսյանն արձագանքեց.«Դե չէ, իմաստ չուներ, ինչի՞ պետք է սպասեր: Հիմա, եթե այդ խնդիրը կար կադրերի հետ կապված, ավելի լավ է թոշակի գնա, քան թե ամիսներով սպասի կադրերի ռեզերվում»: Ինչպես նաեւ ասաց, որ առաջիկայում կասի, թե որտեղ աշխատանքի կանցնի եղբայրը:
Ավելի վաղ Սուքիաս Ավետիսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով ոստիկանապետի կողմից իր եղբորը Շիրակի մարզային վարչության պետի տեղակալի պաշտոնից ազատելու եւ կադրերի ռեզերվ ուղարկելու որոշմանը, ասել էր,թե բնական է, որ կադրերի ռեզերվ ուղարկելը ոչ ոքի չի գոհացնում: «Նա սպասում է առաջարկի: Կլինի առաջարկ, լավ, չի լինի առաջարկ, խնդիր չկա: Այս ընթացքում նոր աշխատանքի առաջարկ չի ստացել: Բայց եթե առաջիկայում աշխատանք չստանա, կընդունվի մեկ այլ տեղ աշխատանքի: Այս պահին սպասում ենք կոնկրետ առաջարկի»,- արձագանքել էր Սուքիաս Ավետիսյանը: Ասել էր նաեւ, թե չի պատրաստվում միջնորդել, որ ոստիկանության համակարգում 23 տարվա աշխատանքային փորձ ունեցած եւ օրերս ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալի պաշտոնից ազատված եղբորը նոր աշխատանքի ընդունեն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը՝ վկայակոչելով Aravot.am կայքը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում եւ Գյումրու ոստիկանությունում: Քաղաքի տարբեր թաղերում` Անի, Մուշ եւ այլն, տեղակայված ոստիկանական բաժանմունքներն օպտիմալացվել են, ինչի արդյունքում վերացել է 18 հաստիք: Նաեւ կրճատվել էին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի ծառայության գծով երկու տեղակալները` Համլետ Կիրակոսյանը եւ Հարություն Ավետիսյանը, որն ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի եղբայրն է:





























