Իսպանիայում վթարված գնացքի գործով զբաղվող քննիչները հայտնել են, որ վթարի պահին գնացքի մեքենավարը հեռախոսով խոսելիս է եղել:

Մադրիդից Ֆերոլ մեկնող գնացքը ռելսերից ընկել էր հուլիսի 24-ին` Սանտյագո դը Կոմպոստելա քաղաքից ոչ հեռու: Զոհվել էր 79 մարդ:

Գալիսիա մարզի դատարանում քննիչները հայտնել էին, որ ռելսերից ընկնելու պահին գնացքի արագությունը եղել էր 153 կմ/ժ: Դեպքը տեղի էր ունեցել կտրուկ շրջադարձի ժամանակ, այդ հատվածում սահմանված առավելագույն արագությունը մինչեւ 80 կմ/ժ է:

Մեքենավար Ֆրանսիսկո Խոսե Գարսոն Ամոն գրեթե կրկնակի  գերազանցել էր  արագությունը, նա սկսել էր արգելակել վթարից քիչ առաջ, երբ արագությունը 192 կմ/ժ էր: Այդ բոլոր տվյալները քննիչները վերցրել էին գնացքի «սեւ արկղից»: Ըստ նրանց` մեքենավարը հեռախոսով խոսելիս է եղել Renfe երկաթուղային ընկերության մյուս աշխատակիցների հետ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Գարսոնին կասկածում են անփութության մեջ, սակայն պաշտոնապես նրան մեղադրանք դեռ չեն ներկայացրել: Իշխանությունների ներկայացուցիչների խոսքով, Գարսոնը խոստովանում է, որ գերազանցել է արագությունը: 
Մեքենավար աշխատելու նրա իրավունքը նույնպես կասեցվել է: