Մարտի 12-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ամենայն հայոց Գարեգին երկրորդ Կաթողիկոսն ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշի գլխավորած պատվիրակությանը:

Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից NEWS.am-ին հայտնում են, որ Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն է հայտնել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահին աշխարհում խաղաղության ամրապնդման գործում եւ մասնավորապես ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորման գործում ԵԱՀԿ-ի կողմից ներդրված ջանքերի համար: «Լիահույս ենք, որ 21-րդ դարը արդարություն կբերի նաեւ տասնամյակներ եւ հարյուրամյակներ շարունակ մեր ժողովրդին հուզող հարցերին»,- ասել է Վեհափառ Հայրապետը:

Պատասխան խոսքում պարոն Ժոաո Սոարեշը անդրադարձել է ԵԱՀԿ-ի ներկայիս գործունեությանը: Նա իր հարգանքն արտահայտեց Հայ Եկեղեցու նկատմամբ` նշելով եկեղեցու դերակատարությունը տարածաշրջանում:

Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաեւ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերություններին: