Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ֆիլիպ Կալտենբախը հայ եւ ադրբեջանցի խորհրդարանականներին հրավիրում է հանդիպման` ղարաբաղյան հարցում երկխոսության համար, տեղեկացնում է «Nouvelles d'Arménie»-ին:
Օ դը Սենից սենատոր Կալտենբախը իր գործընկերոջ` Ֆրանսիա-Կովկաս բարեկամության խմբի նախագահի հետ Ֆրանսիա են հրավիրել Հայաստանի ԱԺ-ի Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի նախագահ Արա Բաբլոյանին եւ Ադրբեջան-Ֆրանսիա բերկամության խմբի ղեկավար Մեհրիբան Ալիեւային` ղարաբաղյան հարցում երկխոսության համար:
Այդ կապակցությամբ Ֆիլիպ Կալտենբախը հայտարարել է. «Ֆրանսիայում նոյեմբերին հայ պատգամավորների պատվիրակությանն ընդունելու ժամանակ ես ցանկացա Ղարաբաղի հարցով կլոր սեղան կազմակերպել: Այդ հանդիպմանը, որին ցանկանում էի հրավիրել նաեւ Մինսկի խմբի նախկին համանախագահին, իմ ընկեր Արա Բաբլոյանը հետաքրքրություն արտահայտեց Ֆրանսիայում իր երկրի եւ Ադբեջանի խորհրդարանականների միջեւ հանդիպման վերաբերյալ` Ղարաբաղում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ: Ուստի ես խոստացա կազմակերպել այդ հանդիպումը Ֆրանսիա-Կովկաս բարեկամության խմբի ղեկավարի հետ համատեղ»:
Ֆրանսիացի սենատորը նաեւ ավելացրել է. «Հանդիպումը, որին Մեհրիբան Ալիեւան իր սկզբունքային համաձայնությունն է տվել անցած գարնանը, կանցկացվի հանդիպման ոգով, որոնք կազմակերպվում էին պրն Պոնսլեի կողմից` իր հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ: Ուրախ եմ, որ Սենատը եւս մեկ անգամ հնարավորություն կստեղծի Ղարաբաղում խաղաղության եւ երկխոսության ուղղությամբ աշխատելու համար»:





























