Հնդկաստանի հարավային Անդհրա-Պրադեշ նահանգում բողոքի զանգվածային ակցիաներ են սկսվել։ Պատճառն այն է, որ իշխանությունները հայտարարել էին, որ այն բաժանվելու է երկու մասին եւ դրանցից մեկի վրա ստեղծվելու է նոր տարածքային միավոր՝ Տելենգանա նահանգը։
Հնդկաստանի կառավարության ծրագրերը վրդովմունք են առաջացրել նահանգի բազմաթիվ բնակիչների մոտ։ Այդ գաղափարի հակառակորդները պնդում են, որ տելուգու ժողովուրդը, որը կազմում է նահանգի հիմնական բնակչությունը, արդյունքում երկու մասի կբաժանվի, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Մի շարք քաղաքական գործիչներ, ի նշան բողոքի, հրաժարական են տվել։ Անդհրա-Պրադեշ նահանգում չեն գործում դպրոցներն ու ձեռնարկությունները։
Նոր նահանգի ստեղծման կողմնակիցները դա հիմնավորում են տնտեսական զարգացումը խթանելու անհրաժեշտությամբ։ Մինչեւ երկրի իշխանությունների որոշումն օրենք դառնա, այն պետք է քննարկեն պատգամավորներն ու Անդհրա-Պրադեշ նահանգի վեհաժողովի անդամները։





























