Այսօր Մարտի 12-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի ծառայությունից, ողջունելով բարձրաստիճան հյուրերին` Սերժ Սարգսյանը նշել է, որ հայ-լեհական հարաբերությունները շատ մեծ ներուժ ունեն, եւ Հայաստանը ցանկանում է այն լիարժեք իրացնել' խորացնելով փոխգործակցությունը քաղաքական, տնտեսության, մշակույթի եւ այլ բնագավառներում: Սերժ Սարգսյանի խոսքով` «դրա համար երկու շատ կարեւոր հիմքեր կան` մեր ժողովուրդների լավ փոխհարաբերությունները եւ Եվրամիության Արեւելյան գործընկերությունը, որի հեղինակներից մեկը Լեհաստանն է»:

Վարչապետ Դոնալդ Տուսկին եւս ասել է, որ հայ-լեհական հարաբերությունները կայուն զարգացում են ապրում, եւ Լեհաստանը խորապես շահագրգիռ է' ընդլայնելու երկկողմ գործակցության շրջանակը:

ՀՀ Նախագահն անդրադարձել է 2005-ին Լեհաստանի Սեյմի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու փաստին` նշելով, որ դա եւս վկայում է երկու ժողովուրդների միջեւ փոխըմբռնման ու վստահության մասին:

Սերժ Սարգսյանն ու Դոնալդ Տուսկին մտքեր են փոխանակել նաեւ հայ-լեհական փոխգործակցության հնարավոր ուղղությունների, առեւտրատնտեսական կապերի ակտիվացման շուրջ: Վարչապետ Տուսկին նաեւ ասել է, որ իր երկիրը բարձր է գնահատում ՀՀ Նախագահի ջանքերն' ուղղված տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանը: