ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին մեկնել է Պակիստան` վարչապետ Նավազ Շարիֆի հետ բանակցելու: Անվտանգության նկատառումներից ելնելով` Քերրիի այցը գաղտնի են պահել:

Բանակցությունների օրակարգում ահաբեկչությանը հակազդելու եւ տնտեսությանն առնչվող հարցեր են: Սպասվում է, որ Քերրին կփորձի վերացնել լարվածությունը  երկու երկրների միջեւ, որոնք ծագել էին Պակիստանի տարածքում անօդաչու թռչող սարքերի թռիչքների եւ դրանց հարվածների պատճառով: 2004-2013թթ. Պակիստանում անօդաչու օդանավերի օդային հարվածներից  զոհվել է 3460 մարդ, հաղորդում է  BBC-ի ռուսական ծառայությունը:

Հյուսիսային Վազիրիստանի սահմանամերձ հատվածը համարվում է թալիբների եւ Ալ Կաիդայի հենակետ: Հենց այդ շրջանում պարբերաբար ստուգումներ են անցկացնում ամերիկացիները:

Սակայն մայիսին համընդհանուր ընտրություններում հաղթած Նավազ Շարիֆը պահանջել էր դադարեցնել հարձակումը, հայտնելով, որ նրանք խախտում են երկրի ինքնիշխանությունը:

Ավելի վաղ նախագահ Օբաման անօդաչու թռչող սարքերի թռիչքներն անվանել էր ահաբեկչության դեմ պայքարի օրինական գործողություն: Սակայն նա խոստացել էր ավելի բաց լինել վճիռներ կայացնելու գործընթացում եւ ավելի խիստ կանոններ կիրառել  օդային հարվածների թիրախները որոշելիս: