Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով մարտի 16-18-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Առաջինը:
Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից NEWS.am-ին հայտնում են, որ մարտի 16-ին ժամը 15.30-ին Ս. Էջմիածնի Մայր Տաճարում տեղի կունենա Կիրիլ պատրիարքի դիմավորման եւ բարիգալստյան արարողությունը: Այս առիթով Մայր Տաճար կբերվի Ս. Գրիգոր Լուսավորիչ հայրապետի շնորհաբաշխ Աջը` ի խոնարհումն երկու Եկեղեցիների հովվապետերի, եկեղեցականաց դասի եւ հավատացյալ ժողովրդի:
Մարտի 17-ին ժամը 18։00-ին Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կկատարվի գոհաբանական աղոթք, որի ավարտին Ամենայն Հայոց կաթողիկոսը եւ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքը իրենց պատգամն ու օրհնությունը կբերեն բարեպաշտ ժողովրդին:



















