Ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Այման ազ-Զավահիրին իր տեսաուղերձն է հրապարակել «Ալ Կաիդայի» կայքում: Գրոհայինները կփորձեն ազատել Գուանտանամոյի բանտարկյալներին, որը գտնվում է Կուբայում` ԱՄՆ-ի ռազմակայանի տարածքում:
«Գուանտանամոյում մեր եղբայրների հացադուլը ցույց է տալիս ԱՄՆ-ի նողկալի դեմքը: Մենք երդվում ենք Ալլահի առաջ, որ, ջանք չենք խնայի` նրանց ազատելու համար», - մեջբերում է «Ինտերֆաքսը» «Ալ Կաիդայի» առաջնորդի խոսքերը` վկայակոչելով կազմակերպության կայքը: Հայտարարության մեջ չի հաղորդվում, թե ինչպես են նախատեսում ազատել բանտարկյալներին:
Ավելի վաղ հաղորդվել էր այլ ծայրահեղական խմբավորումների հարձակումների մասին Պակիստանի եւ Իրանի բանտերի վրա` իրենց համախոհներին ազատելու համար: Նախօրեին թալիբների մի խումբ Պակիստանում հարձակվել էր Դերա Իսմայիլ Խան քաղաքի բանտի վրա, ուր պահվում էին հարյուրավոր թալիբներ եւ ծայրահեղական այլ իսլամիստական խմբակցությունների մասնակիցներ: Գործողության հետեւանքով 300 բանտարկյալ հայտնվել էին ազատության մեջ:
Այս տարվա հուլիսի 22-ին առնվազն 500 բանտարկյալներ փախել էին Իրաքի երկու բանտերի վրա գրոհայինների զինված հարձակումից հետո։ Կազմակերպություններից ոչ մեկը պաշտոնապես չի ստանձնել պատասխանատվությունը, սակայն հայտնի է, որ Աբու Գրեյբ բանտից փախածների մեծ մասը «Ալ Կաիդայի» անդամներ էին, հայտնում է Russia Today-ը։
Գուանտանամոյում հացադուլները 2013թ. փետրվարի վերջից էին սկսել՝ ի նշան բանտարկյալներին պահելու անմարդկային պայմանների եւ առանց դատ ու դատաստանի բանտարկելու դեմ բողոքի։ 102 հացադուլավորներից ավելի քան 40-ը քթի միջոցով հարկադիր կերակրման են ենթարկվում։ Գուանտանամոյում 166 կալանավոր կա։





























