Երեւանցի երիտասարդներին հնարավորություն կտրվի բիզնես գործունեություն ծավալել` միաժամանակ նպաստելով սոցիալական խնդիրների լուծմանը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի՝ Ծրագրերի մշակման խորհրդատու Ջորջ Հոդջի ու Մանկական հիմնադրամի «Kolba Labs» ծրագրի խորհրդատու Լիլիթ Արզոյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Երեւանի քաղաքապետի օգնական, Երեւանի քաղաքապետին կից քաղաքաշինության խորհրդի երիտասարդական հանձնաժողովի նախագահ Սամվել Մերթարջյանը:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Սամվել Մերթարջյանը ներկայացրել է Երեւանի քաղաքապետին կից քաղաքաշինության խորհրդի երիտասարդական հանձնաժողովի նպատակները, գործունեությունը, հանձնաժողովի կողմից նախաձեռնված «Երեւանը մեր տունն է»,  «Գրքի Բանկ» նվիրատվության տաղավար, «Բանավեճի ակումբ» եւ այլ ծրագրերը, ինչպես նաեւ դրանց իրականացման շնորհիվ ձեռք բերված արդյունքները:

Հանդիպման ժամանակ ներկայացվել է ՄԱԿ-ի Մանկական  հիմնադրամի եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նախաձեռնությամբ կյանքի կոչվող Kolba Labs նախագիծը, որը նպատակ ունի աջակցել երիտասարդներին` «սոցիալական բիզնես» ծավալելու գործում:  Kolba  Labs-ը ձեռնարկությունների   ինկուբատոր   է՝ կոչված միավորելու առեւտրային  եւ  ոչ  առեւտրային  կազմակերպությունները եւ,  պետական  եւ  մասնավոր  հատվածի ջանքերը  միավորելով, երիտասարդներին բիզնես դաշտում  աջակցելու  եւ  սոցիալական խնդիրները լուծելու համար:  Երիտասարդները, որոնք անտարբեր չեն իրենց համայնքի կամ այլ մարդկանց սոցիալական խնդիրների նկատմամբ, հնարավորություն են ստանում ծավալելու բիզնես, որը կլինի ֆինանսապես կայուն ու ինքնուրույն: Կարեւորելով ներկայացված նախաձեռնությունը՝ Սամվել Մերթարջյանը նշել է, որ

Երեւանի քաղաքապետարանը մշտապես աջակցում է սոցիալական խնդիրների լուծման գործում երիտասարդների առավելագույն ներգրավում ապահովող ծրագրերին, կամավորական երիտասարդական աշխատանքներին եւ պատրաստակամություն է հայտնել աջակցելու նախագծի իրագործման գործընթացին բոլոր փուլերում:

Միաժամանակ քննարկվել է Kolba  Labs նախագծի շուրջ քննարկումների եւ դասընթացների կազմակերպման հնարավորությունը Երեւանի քաղաքապետարանում: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ջորջ Հոդջը կարեւորել է համագործակցության ընդլայնումը Երեւանի քաղաքապետարանի հետ եւ առաջարկել է Երեւանի քաղաքապետի օգնականին ներգրավվել Kolba Labs նախագծի գնահատող հանձնաժողովում: