Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ մահափորձը նախատեսված էր հուլիսի 24-ին՝ «Բեյբի» անունով գործողության շրջանակում.  պետության ղեկավարի վրա կրակելու էր դիպուկահարը, հայտնել է երկրի ՆԳ նախարար Միգել Ռոդրիգես Տորեսը:

«Այդ անունով (Բեյբի) են նրանք (դավադիրները)  կոչում նախագահ Մադուրոյին»,- Տորեսի խոսքերն են մեջբերում լրատվամիջոցները: Նա ընդգծել է, որ դավադրության հիմնական կազմակերպիչներից էր Լուիս Պոսադա Կարիլեսը, որը գտնվում է ԱՄՆ-ում եւ Կարակասում ու Հավանայում  ահաբեկչության մեջ է մեղադրվում:

Մադուրոյին վերացնելու ծրագրերի մասին իբրեւ թե տեղյակ են եղել Կոլումբիայի նախագահ Ալվարո Ուրիբեն ու հոնդուրասցի քաղաքական գործիչ Ռոբերտո Միչելետին, պատմել է ՆԳ նախարարը:

Դավադիրները մտադրվել էին Մադուրոյի սպանությունից հետո խուճապ ստեղծելու համար ներգրավել մոտ 400 հատուկ պատրաստված մասնագետների, սակայն ընդամենը 150 հոգու էին գտել, որոնց բռնել էին հատուկ ծառայությունները, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Նախարարի խոսքով՝ առաջին մահափորձը ձախողվել էր ապրիլին, ինչից հետո սկսել էին պատրաստվել երկրորդին: Կազմակերպիչների հանդիպումները կայացել են Պանամայում, Մայամիում, Բոգոտայում եւ Մեդելինում:  «Խոսքը մոտ 2,5 մլն դոլարի մասին էր, որը հատկացվելու էր նախագահ Մադուրոյի մահվան դիմաց», — ասել է Տորրեսը՝ հավելելով, որ նախատեսվում էր նաեւ «չավիզմի» համակիր մի շարք այլ առաջնորդների սպանությունը: