Հայաստանը կողմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն առանց նախապայմանների, եւ դա արտացոլված է երկու երկրների կողմից ստորագրված համատեղ արձանագրություններում, մարտի 12-ին Երեւանում ընթացող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի «Ռոուզ Ռոթ» 73-րդ սեմինարի ժամանակ հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը։
Նրա խոսքով, հայ-թուրքական արձանագրություններում նախապայմաններ չկան։ «Մեր նպատակն ի սկզբանե եղել է հայ-թուրքական հետագա հարաբերությունների համար բարենպաստ պայմաններ ստեղծելը։ Բայց դա չի նշանակում, որ Հայաստանը մտադիր է հետ կանգնել Օսմանյան Թուրքիայում, կրկնում եմ, Օսմանյան Թուրքիայում եւ ոչ թե Թուրքիայի հանրապետությունում տեղի ունեցած Ցեղասպանությունից։ Դեռեւս Նելսոն Մանդելան էր ասում, որ հարաբերություններ հաստատելը չի նշանակում մոռանալ պատմությունը։ 3 մլն հայեր 20-րդ դարասկզբին անհետացան Օսմանյան Թուրքիայից. ո՞ւր են նրանք, ի՞նչ պատահեց նրանց հետ,ի՞նչ էր դա, եթե ոչ Ցեղասպանություն»,- նկատել է փոխնախարարը՝ ավելացնելով, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը կնպաստի մարդկության դեմ նմանօրինակ հանցագործությունների կրկնության բացառմանը։
Կիրակոսյանը հիշեցրել է, որ Հայաստանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում այս հարցն առաջ չի քաշել որպես նախապայման. «Հայաստանը պատրաստ է վավերացնել արձանագրությունները, սակայն Թուրքիան գործընթացը կապում է ղարաբաղյան հարցի հետ»,- հայտարարել է փոխնախարարը։
Իդեպ, ինչպես նշել է Կիրակոսյանը, այս երկու գործընթացները կապել իրար, նշանակում է դրանք վտանգի տակ դնել։ Խոսելով գիտական հանձնաժողովի մասին, Կիրակոսյանը նկատել է, որ հայկական կողմի համոզմամբ այն պետք է ուսումնասիրի պատմական ողբերգության հետեւանքների փոխհատուցման հարցերը եւ երկու ժողովուրդներին մոտեցնելու ուղիներ որոնի։
Արման Կիրակոսյանն ընդգծել է, որ հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը դրականորեն կանդրադառնա ողջ տարածաշրջանի վրա։ «Հայաստանն արդեն քայլ է արել արձանագրությունները վավերացնելու ուղղությամբ՝ փաստաթղթերն ուղարկելով ՍԴ, որն էլ հավանության է արժանացրել դրանք»,- հայտարարել է Կիրակոսյանը։




























