Ադրբեջանում այսօր՝ օգոստոսի 1-ին, նշում են ադրբեջանական այբուբենի եւ լեզվի օրը: Ինչպես հաղորդում է 1news.az-ը, նման տոն հռչակելու մասին հրամանագիրը 2001 թվականին ստորագրել է Հեյդար Ալիեւը: Նույն թվականի հունիսին ստորագրվել է «Պետական լեզվի օգտագործման կատարելագործման մասին» հրամանագիրը, որում ընդգծվել է ադրբեջաներենի դերն ու գործառույթը՝ որպես անկախ պետականության ատրիբուտ: Այդ պահից սկսվել է աստիճանական անցումը ադրբեջաներեն այբուբենի՝ լատինական գրաֆիկայի հիման վրա:

XX դարում ադրբեջաներենի այբուբենում երեք անգամ փոփոխություններ են կատարվել: Պատմության մեջ այլ նման դեպք հայտնի չէ: Մինչեւ 1929 թվականը կիրառվել է արաբական այբուբենը, նախորդ դարի 20-ական թվականներին այբուբենի ռեֆորմ է իրականացվել, որի արդյունքում արաբական այբուբենը փոխարինվել է նոր ադրբեջանական այբուբենով՝ լատինական գրաֆիկայի հիման վրա:

Այդ ռեֆորմից ընդամենը 10 տարի անց որոշում է կայացվել անցնել կյուրեղյան այբուբենի եւ միայն անկախություն ձեռք բերելուց հետո, կրկին Ադրբեջանում անցում են կատարել լատինական այբուբենի հիմքի վրա իրենց այբուբենին, որն օգտագործվում է նաեւ հիմա:

Ադրբեջանական այբուբենի վերը նշված «պատմությունը» լավագույնս ներկայացնում է ադրբեջանցի «գիտնականների» փորձերը՝ ապացուցել, որի ադրբեջանցիները «հին ազգ» են: