Թուրքիայի խորհրդարանական քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության փոխնախագահ, Բաթմանից ընտրված պատգամավոր Բենգի Յըլդըզը իր կուսակցության Բաթմանի նահանգային արտակարգ համաժողովին ելույթ ունենալիս անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը եւ նշել, որ ոչ միայն երիտթուրքերն են ցեղասպանություն իրականացրել, այլ նաեւ ԱՄՆ-ը՝ կարմրամորթների եւ Գերմանիան՝ հրեաների դեմ։
Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝ Բենգի Յըլդըզը ասել է. «Հայ ժողովուրդը այս տարածաշրջանում շատ մեծ դառնություններ է քաշել։ Երեկ ունեիք հարյուր հազարավոր հայ հարեւաններ, որոնք այսօր չկան։ Այսօր այս տարածաշրջանի որ գյուղը ուզում ես գնա, քեզ կպատմեն, թե ինչպես են հայերին կոտորել, եւ որոշներն էլ կոտորողներին կգովեն, քանի որ դրանից իրենց բաժինն են ունեցել։ Թուրքիայի հանրապետությունը սա չի կարողանում տեսնել։ ԱՄՆ-ը կարմրամորթների դեմ իրականացրած, Գերմանիան՝ հրեաների եւ Ֆրանսիան էլ ալժիրցիների նկատմամբ իրականացրած ցեղասպանության համար ներողություն են խնդրել, ի տարբերություն Թուրքիայի։ Հարյուր հազարավոր հայ է սպանվել եւ Թուրքիան լռության է մատնել դա։ Մեր դիրքորոշումը այս հարցում կոնկրետ է։ „Պատմությունը պատմաբաններին թողնենք“ արտահայտությունը լրիվ խորամանկություն է»,-նշել է «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության փոխնախագահը։




























