Պհուկետ կղզու վարչակազմի շենքի մոտ ինքնաշեն պայթուցիկ սարք է պայթել։ Վնասվել են երեք ավտոմեքենաներ, զոհեր չկան, հաղորդում է Phuket Gazette-ը՝ վկայակոչելով կղզու ոստիկանությանը։

Ռումբը տեղադրվել է շինության կողային շքամուտքերից մեկի մոտ գտնվող պլաստիկե աղբամանի մեջ։ Պայթյունի պահին մոտակայքում կայանված է եղել միկրոավտոբուս, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Թեեւ պայթյունի արդյունքում ոչ ոք չի տուժել, ոստիկանությունը տարհանել է վարչակազմի շինությունների համալիրի անձնակազմին եւ ստուգել տարածքը՝ պարզելու արդյոք այլ պայթուցիկ սարքեր կան, թե՝ ոչ։

Հետաքննության կարծիքով պայթյունն, ամենայն հավանականությամբ, քաղաքական ահաբեկչության արդյունք չէ, այլ՝ հողային սեփականության ոլորտում հակամարտության։ Պայթյունը տեղի է ունեցել կադաստրի վարչության գրասենյակի մոտ։