Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մարտի 12-ին ընդունել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկին:

Հայաստանի ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԱԺ նախագահը նշել է, որ հայ- լեհական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, եւ, որպես խորհրդարանի նախագահ, ամեն ինչ անելու է, որ դրանք ավելի զարգանան: Լեհաստանի վարչապետի այցը վկայում է, որ երկու կողմից էլ հարաբերությունները զարգացնելու ցանկություն կա:

Դոնալդ Տուսկը եւս բարձր է գնահատել հայ-լեհական հարաբերությունները եւ արձանագրել է համատեղ գործողություններ իրականացնելու մեծ պոտենցիալը: Նա կարեւորել է Հայաստանի դերը Արեւելյան գործընկերության ծրագրում` Հայաստանը համարելով հուսալի գործընկեր:

Հայաստանի խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել Արեւելյան գործընկերության մասնակից պետությունների խորհրդարանական վեհաժողովի` «Եվրանեսթ» -ի հետ համագործակցությունը:

ԱԺ նախագահն անդրադարձել է նաեւ հայ-թուրքական արձանագրություններին՝ նշելով, որ Հայաստանի խորհրդարանը դրանք կվավերացնի Թուրքիայի խորհրդարանի վավերացումից հետո:

Քննարկվել են նաեւ համաշխարհային տնտեսական ճգնաժամին վերաբերող հարցեր. Դոնալդ Տուսկը ներկայացրել է ճգնաժամը հաղթահարելու Լեհաստանի փորձը` հաշվի առնելով իր երկրի համեմատաբար դրական ցուցանիշները: