«Քլիվլենդի մոլագար» Արիել Կաստրոյի երիտասարդ երեք պատանդ կանայք իրենց գերության 10 տարիների ընթացքում օրագիր են պահել:

Ըստ Օհայո նահանգի դատախազ Թիմ Մաքգինթիի տրամադրած տեղեկության` դպրոցական ավտոբուսի նախկին վարորդի հանցավոր գործողությունների զոհերը մանրամասն  փաստագրել են այդ տարիներին գերության մեջ  իրենց կրած բոլոր սարսափները: 

Ըստ դատախազի` Ամանդա Բերին, Ջինա Դեհեսուսը եւ Միշել Նայթն արել են ամեն ինչ` չխելագարվելու համար:

«Կաստրոն նրանց շղթաներով գամել է պատին, փակել մութ սենյակում եւ նրանց հետ վարվել՝ ինչպես անասունի հետ: Աղջիկները անընդհատ գրել են, թե որքան են ցանկանում փախչել այդ սարսափելի տնից», - հայտնել է Թիմ Մաքգինտին, հաղորդում է Lifenews.ru-ն: 

Հիշեցնենք, որ 53-ամյա Արիել Կաստրոն Քլիվլենդում առեւանգել էր երեք երիտասարդ ամերիկուհիների եւ նրանց գերության մեջ պահել տասը տարի: Կանանց հաջողվել էր փախչել միայն 2013թ. մայիսի սկզբին, երբ նրանց օգնության էր հասել մոլագարի հարեւաններից մեկը: 

Հանցագործն իրեն մեղավոր էր ճանաչել: Նրան մեղադրանք էր ներկայացվել 937 կետերով, այդ թվում՝ բռնաբարության, ծեծի եւ սպանության:

Զոհերի օրագրերի շնորհիվ իշխանությունները պարզել են, որ Կաստրոյի մեղքով աղջիկները հինգ անգամ երեխա են կորցրել:

Օգոստոսի 1-ին մոլագարը դատապարտվելու է ցմահ բանտարկության, նրան հավելյալ 1000 տարվա ազատազրկում է սպառնում: