The Who ամսագրի հետ հարցազրույցում WikiLeaks-ի գլխավոր խմբագիր Ջուլիան Ասանժը պատմել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն անցկացրած օրերի մասին:  Այսօր լրանում է դեսպանատուն մուտք գործելու 400-րդ  օրը:

Ասանժը  խոստովանել է, որ քնի հետ կապված խնդիրներ ունի: Այդ պատճառով նույնիսկ փորձել է կանանց զուգարանում քնել:  «Ես չէի կարողանում քնել, քանի որ ոստիկանները շենքի մոտ են, մշտապես հերթապահում են, իսկ Harrods սուպերմարկետում անընդհատ աղմուկ է: Կանանց զուգարանն ամենահանգիստ վայրն էր, միայն այնտեղ ես կարողացա քնել:  Անձնակազմն օգնեց ինձ վերափոխել սենյակը, նրանք շռայլ էին իմ նկատմամբ», - պատմել է Ասանժը, հաղորդում է Russia Today-ը:

Նա պարզաբանել է նաեւ դեսպանատանը մնալու պատճառը: «Ես այստեղ Շվեդիայի պատճառով չեմ», - հայտնել է նա: Ասանժը խոստովանել է, որ ինքը վախենում է միայն ԱՄՆ-ին  արտահանձնվելուց, որտեղ իր դեմ քրեական գործ է հարուցվել` լրտեսության եւ գաղտնի նյութերի հրապարակման մեղադրանքով: 

Դեսպանատանը գտնվելու ողջ ընթացքում Ասանժը երկար չի մնացել ոչ մի սեյնակում: Նա մշտապես տեղափոխվում է եւ աշխատում է չհայտարարել իր տեղափոխությունների մասին:

Մեկուսացումն ընկճում է Ասանժին: Նա ստիպված օգտագործում է ուլտրամանուշակագույն ջահ` արեւի լույսի պակասը լրացնելու համար: Նրան արգելված է լքել դեսպանատան շենքը:

Ասանժի մյուս վախը թունավորվելու վախն է: Նա չի ասում այն ռեստորանի անունը, որտեղից իրեն սուշի են բերում: Ջուլիան Ասանժն անհանգստանում է նաեւ իր ընտանիքի մասին, որը նույնպես հանգիստ չի ապրում: «Իմ ավագ որդին ստիպված է եղել տեղափոխվել եւ փոխել փաստաթղթերը: Մայրս նույնպես փոխել է բնակության վայրը: Իմ փաստաբաններին մի քանի անգամ    սպառնացել են սպանել», - հայտնել է Ասանժը:

Հիշեցնենք, որ հունիսի 19-ին Ջուլիան Ասանժը մտել էր Լոնդոնում Էկվադորի դեսպանատուն եւ  քաղաքական ապաստան խնդրել: Նրա խնդիրքը բավարարվել էր, սակայն Մեծ Բրիտանիան թույլ չի տալիս նրան Էկվադոր մեկնել, քանի որ Ասանժը խախտել էր տնային կալանքի օրենքները:  Նրան սպառնում է արտահանձնում Շվեդիային, որն էլ իր հերթին Ասանժին կարող է արտահանձնել ԱՄՆ-ին: