ԵԱՀԿ-ն սերտորեն համագործակցում է Հայաստանի ոստիկանության հետ` ոստիկանական գործունեության կատարելագործման բնագավառում: Այդ մասին NEWS.am-ին տված հարցազրույցում ասաց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը` պատասխանելով հարցին, թե ինչ համատեղ ծրագրեր են իրականացվում Ոստիկանության հետ:
Ինչպես նշեց գրասենյակի ղեկավարը, բարեփոխումները մի քանի ուղղություն են ներառում. Ոստիկասնության ու բնակչության միջեւ համագործակցության եւ վստահության կառուցում, այսպես կոչված «համայնքային ոստիկանության» ներդրում: Անցած տարվանից այդ նոր մոդելն արդեն ներդրվել է ողջ Հայաստանում: Ոստիկանական բարեփոխումների մյուս կարեւոր ուղղությունը կրթական համակարգի բարեփոխումն է, այստեղ եւս կարող եմ դրական տեղաշարժ նշել: Մեր աջակցությամբ ներդրվել է կրթական եռաստիճան համակարգ` Ոստիկանական կրթական համալիր, որը կազմված է ակադեմիայից, քոլեջից եւ ուսումնական կենտրոնից: Այս ուղղության արդյունքը տեսանելի կլինի մի քանի տարի անց, երբ կլինեն առաջին շրջանավարտները»,-ասաց դեսպանը:
Գրասենյակը նաեւ աջակցում է ոստիկանությանը` լրատվամիջոցների հետ համագործակցության բարելավման աշխատանքում:





























