Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը եւ Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայ Առաքելական Եկեղեցու Թեմի առաջնորդ Եզրաս Սրբազանը մարտի 12-ին հանդիպեցին Մոսկովյան եւ Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլին:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեսպան Օլեգ Եսայանը նշել է, թե Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ջերմ հարաբերությունների հիմնաքարերից մեկը, որը անցել է պատմական դարավոր ճանապարհ հանդիսանում է Հայ Առաքելական Եկեղեցու եւ Ռուս Ուղղափառ Եկեղեցու ջերմ բարեկամական հարաբերությունները եւ ստեղծված հոգեւոր կապը, որոնք սերտացնում են երկու ժողովուրդների հարաբերությունները: Դեսպան Եսայանը շեշտել է, որ պատրիարք Կիրիլի առաջիկա այցը լուրջ խթան կհանդիսանա հարաբերությունների հետագա խորացման համար։

Պատրիարք Կիրիլը իր հերթին նշել է, որ մոտակա օրերս Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրավերով Ռուսական պատրիարքարանի պատվիրակությունը կմեկնի Հայաստան, ինչով մի նոր քայլ կարվի երկու քույր եկեղեցիների բարեկամական հարաբերությունների ամրապնդման հարցում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են պատրիարք Կիրիլի Հայաստան կատարելիք այցելության հետ կապված հարցեր: