Երեւանում 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կողմից բացահայտված «բանդա»-ի  գործով պարագլուխ համարվող Արտյուշա Հակոբյանի հայրը տեսաերիզ եւ նամակ է ուղարկել նախագահ Սերժ Սարգսյանին՝ պահանջելով փաստերով հիմնավորել իր որդու մեղավորությունը,հակառակ դեպքում ազատ արձակել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Արտյուշա Հակոբյանի հայրը` «Գառնիի Սուրիկի Լավաշի» սեփականատեր Սուրիկ Հակոբյանը:

«80 անց մարդ եմ, ինչի՞ եք իմ որդուն տարել կալանավորել: Ի՞նչ ա արել, ասե՛ք: Մեկը կա՞ ասող, որ իմ որդին ավազակ է: 2 տարի է՝ դատարանում տանում-բերում են, էլ զենք դնել, էլ շառեր անել: Առաջինը ձեզ էի ասել եւ նախագահին էլ եմ ասել, որ Ալիկ Սարգսյանը վրեժ է լուծում, որ  16 տարեկանում Արտյուշան իրան շլանգով ծեծել է»,-նշեց Սուրիկ Հակոբյանը: 

Նա տեղեկացրեց, որ տեսաերիզում ինքը բանավոր դիմում է  նախագահին, ինչպես նաեւ դատական նիստից են հատվածներ ներկայացված: Նա նաեւ դատերի ձգձգումներից դժգոհեց: «Մոտ երկու ամիս էր՝ դատը հետաձգել էին, հիմա էլ 15 օրը մեկ են նշանակում, քանի որ չեն կարողանում ապացույցներ, վկաներ գտնել: Բա սենց բա՞ն են անում: Տղուս մոտ էլ գնում եմ, ասում ա՝ այ, հեր ջան, ես չեմ հասկանում, ինձանից ինչ են ուզում»,- ավելացրեց Սուրիկ Հակոբյանը:

Ի դեպ, Սուրիկ Հակոբյանը խոսքով, եթե Ալիկ Սարգսյանին կարողանում էր հանդիպել, ապա Վլադիմիր Գասպարյանի հետ հանդիպելու հնարվորությունը չունի: «Դրանք դեսպոտներ են: Հազիվ պաշտոն է ընկել ձեռները, ո՞նց կարող եմ գնալ նրա մոտ: Մի անգամ գնացի, քարտուղարուհին ասաց, որ խիստ զբաղված է»,- դժգոհեց Արտյուշա Հակոբյանի հայրը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանում 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կողմից բացահայտված «բանդայի»  գործով 16 ձերբակալվածներից 10 ազատ են արձակել:  Տեղեկացրել էինք նաեւ, որ ավազակախմբի վնասազերծման գործողությունը սեպտեմբերի 23-ին իրականացվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից: Գործողությունն իրականացվել է մի քանի ուղղություններով, որի արդյունքում բերման էին ենթարկվել 16 անձ: Գործողության ժամանակ կասկածյալներից մի քանիսը փորձել էին փախուստի դիմել, իսկ Mercedes մակնիշի մեքենան վթարվել էր, 49-ամյա Գուրգեն Հայրապետյանը փախուստի ժամանակ ընկել էր ժայռից եւ մահացել: Բանդայի վնասազերծման գործողության արդյունքում ձերբակալվել էր 16 մարդ, որոնցից 8-ը, այդ թվում` հանցախմբի պարագլուխներից մեկը համարվող Արտուշ Հակոբյանը ավելի ուշ կալանավորվել էին: Սկզբում տեղեկություններ էին շրջանառվում, թե այս գործում մի ամբողջ շարք պաշտոնատար անձանց զավակներ են խառնված, սակայն այդ լուրերը հերքվեցին ոստիկանության եւ դատախազության կողմից: