ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական ցուցանիշների համաձայն՝ միայն վերջին մեկ տարվա ընթացքում Երեւանում իր գործունեությունն է դադարեցրել ավելի քան 1143 գերփոքր՝ մինչեւ 5 աշխատող ունեցող խանութ։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Այս տարվա հուլիսի մեկի դրությամբ Երեւանում գործել է այդպիսի 6 հազար 768 խանութ, այնինչ անցած տարվա հուլիսի 1-ի դրությամբ դրանց թիվը եղել է 7 հազար 911։ Այլ կերպ ասած, գերփոքր խանութների թիվը Երեւանում կրճատվել է միանգամից մոտ 15 տոկոսով։

Նույնն է վիճակը նաեւ ծառայություններ մատուցող գերփոքր օբյեկտների պարագայում։ Մեկ տարվա ընթացքում 390 այդպիսի օբյեկտ դադարեցրել է իր գործունեությունը Երեւանում։ Սա եւս մեկ ապացույց է, որ ՀՀ-ում տնտեսության բոլոր ոլորտները արագ տեմպերով խոշորանում են եւ հայտնվում մի քանի մեծահարուստների ձեռքերում։ Իսկ իրենց փոքր բիզնեսները կորցնող մեր քաղաքացիները թողնում հեռանում են երկրից»,–գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):