ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկրի ռազմաօդային ուժերի նախարարի պաշտոնում կառաջադրի Դեբորա Լի Ջեյմսին: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Օբամայի կողմից առաջադրվելուց հետո, նրա թեկնածությունը պետք է քվեարկություն անցնի ԱՄՆ Սենատում: Եթե Ջեյմսը հաստատվի այդ պաշտոնում, ապա դա կլինի պատմության մեջ երկրորդ դեպքը, երբ ՌՕՈւ-ն կին է ղեկավարում: Առաջին անգամ այդ պաշտոնը 1994-97թթ զբաղեցրել է Շեյլա Ուինդելը:

Ջեյմսը ներկայումս Science Applications International Corporation ընկերության թոփ-մենեջերն է: Ընկերությունը հանդիսանում է Պենտագոնի եւ ամերիկյան հատուկ ծառայությունների խոշորագույն կապալառուներից: 1993-98թթ, երբ ԱՄՆ նախագահն էր Բիլլ Քլինթոնը, նա զբաղեցրել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի պաշտոնը, փոխանցում է Lenta.ru-ն:

ԱՄՆ ՌՕՈւ-ի նախարարը պատասխանատու է առօրյա հարցերի եւ, առհասարակ, այն ամենի համար, ինչը կապված է ռազմաօդային ուժերի հետ: ՌՕՈւ նախարարը ենթարկվում է պաշտպանության նախարարի անմիջական հրամաններին:

ԱՄՆ ՌՕՈւ նախարարի պաշտոնը թափուր է հունիսի 21-ից ի վեր, երբ այն ղեկավարող Մայքլ Դոնլին հեռացել է: