Առաջիկա տասնամյակում գլոբալ տաքացումը կարող է հանգեցնել զինված հակամարտությունների եւ խռովությունների ավելացմանը: Մինչեւ 2050թ. գիտնականներն ամբողջ աշխարհում զանգվածային ագրեսիա են կանխատեսում:
CNN-ը հայտնում է, որ վերլուծության համար գիտնականները հակամարտությունների եւ կլիմայի կապի վերաբերյալ մոտ 60 հետազոտություններ են ուսումնասիրել: Նրանք դիտարկել են անհատական, միջխմբային եւ քաղաքական բախումները, նաեւ՝ վարչակարգերի կտրուկ եւ ազդեցիկ փոփոխությունները կամ ամբողջական քաղաքակրթությունների վերացումը:
Վերջին 12 հազար տարում կլիմայական փոփոխություններն ուսումնասիրելով՝ գիտնականները պարզել են, որ տաքացումը նպաստում է սոցիալական եւ միջանձնային հակասությունների խորացմանը, գրում է Utro.ru-ն:
Ուսումնասիրության հեղինակ, Կալիֆորնիայի Բերքլիի համալսարանի ռեկտոր Սողոմոն Սյանը համաշխարհային պատմությունից մի քանի օրինակ է նշում: Մայաների քաղաքակրթությունը ոչնչացավ տեւական երաշտի ժամանակաշրջանում: Նույն գործոնն ազդեց նաեւ Չինաստանում Տան դինաստիայի մայրամուտի վրա: Իր հերթին ԱՄՆ-ում հանցավորության վիճակագրությունը ցույց է տալիս, որ շոգ ժամանակ շատանում են բռնաբարությունները, սպանություններն ու հարձակումները:
Սյանի խոսքով՝ մինչեւ 2050թ. աշխարհի առավել «թեժ» կետերում միջխմբային հակամարտությունների թիվը կաճի 50%-ով: Մնում է հուսալ, ոչ հաջորդ սերունդները կլիմայական այդ փոփոխություններին հարմարվելու միջոցներ կգտնեն:




























