Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հուլիսի 30-31-ին տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով, որի հիմնական քննարկման նյութը Հայ Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Տեր Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հրաժարականն էր եւ դրան հաջորդած զարգացումները: Պաշտոնական հաղորդագրության մեջ սակայն չկա որեւէ հիշատակում Նիսի նախկին հոգեւոր հովիվ եւ ներկայիս Ստրասբուրգի հոգեւոր հովիվ Տեր Վաչե քահանա Հայրապետյանի խնդրի մասին, ով, ըստ Նորվան արքեպիսկոպոսի հրաժարականի նամակի, կարծես հիմնական պատճառն էր վերջին շրջանի Ֆրանսիայում տեղի ունեցած այս իրադարձությունների: Այս մասին պարզաբանման համար NEWS.am-ը դիմեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանին:
Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովից հետո տարածված Տեղեկատվական համակարգի հաղորդագրության մեջ որեւէ ակնարկ չկա Տ. Վաչե քահանա Հայրապետյանի խնդրի մասին: Արդյո՞ք ժողովում քննարկվել է Վաչե քահանայի հարցը:
Ֆրանսիայի հայոց թեմում վերջին շրջանում արձանագրված զարգացումների, թեմակալ առաջնորդի հրաժարականի խնդրի հետ մեկտեղ, այո՛, Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովում քննարկվել է նաեւ Տեր Վաչեի հարցը: Արդեն իսկ ծանոթ եք խնդրին եւ գիտեք, որ Վաչե քահանային երկար ժամանակ է ինչ թեմն ու համայնքն աշխատավարձ չէին վճարում, հակառակ Հայ Եկեղեցու Սփյուռքի մեր թեմերում ու համայնքներում ընդունված կարգի, որով վերջինս ստիպված էր իր ընտանիքի ապրուստը վաստակել այլ աշխատանքով՝ ավտոկանգառում պահակությամբ: Անընդունելի եւ անընկալելի այս պարագայի առնչությամբ էլ հենց Ֆրանսիա կատարված այցի ընթացքում Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից հանձնարարական էր տրվել Ֆրանսիայի թեմի առաջնորդին անհապաղ կարգավորել եւ լուծել այս խնդիրը: Գերագույնի ժողովում մասնավոր քննության առարկա դարձավ հանձնարարականից օրեր անց առաջնորդի կողմից Վեհափառ Հայրապետին հասցեագրված գրությունը, որով տեղեկացվում էր, թե թեմն ի վիճակի չէ վճարել Վաչե քահանային նյութական միջոցների սղության պատճառով եւ խնդրանք ներկայացվում աջակցել թեմին այդ հարցում:
Իսկ թեմի խնդրանքը բավարարվե՞ց:
Այո՛, Գերագույն հոգեւոր խորհրդի քննարկում ների արդյունքում որոշվեց, որ Մայր Աթոռը կընդառաջի առաջնորդի եւ թեմի ցանկությանը եւ մեկ տարվա շրջանի համար հանձն կառնի Տ. Վաչե քահանա Հայրապետյանի աշխատավարձի վճարումը: Միաժամանակ ընդգծվեց սակայն, որ առաջնորդը պարտավոր է ճշտել Վաչե քահանայի կարգավիճակը թեմից ներս:
Ֆրանսիայի թեմը, որը աշխարհում Հայ Եկեղեցու չորրորդ մեծագույն թեմն է, միջոցներ չունի՞ քահանային պահելու համար: Իսկապե՞ս դա այդպես է:
Ամենայն Հայոց կաթողիկոսին թեմի կողմից ուղղված պաշտոնական գրության մեջ նշված է, որ թեմը միջոցներ չունի, իսկ թե արդյոք դա հնարավոր է, կարող եք ճշտել առաջնորդ Սրբազանից:





























