Իսպանիայում գնացքի վթարի գործը քննող քննիչները հայտնել են, որ վթարի պահին գնացքի մեքենավարը հեռախոսով խոսելիս է եղել։

Ճեպընթաց գնացքը, որը Մադրիդից Ֆերոլ էր մեկնում, ռելսերից ընկել էր հուլիսի 24-ին՝ կտրուկ ոլորանի վրա։ Զոհվել էր 79 մարդ։

Գալիսիա շրջանի դատարանում քննիչները հայտարարել են, որ ռելսերից ընկնելու պահին ընթացքի արագությունը 153 կմ/ժ է եղել։ Այդ հատվածում արագության թույլատրելի առավելագույն չափը 80 կմ/ժ է։ Մեքենավար Ֆրանսիսկո Խոսե Գարսոն Ամոն գրեթե կրկնակի գերազանցել է արագությունը։ Նա ոլորանին հասնելիս ուշացմամբ է սկսել արգելակել, իսկ մինչ այդ սլանալիս է եղել 192 կմ/ժ արագությամբ։ Այս բոլոր տվյալները հայտնի են դարձել «սեւ արկղից»։

Ըստ քննիչների՝ մեքենավարը հեռախոսով զրուցում էր Renfe ընկերության երկու այլ աշխատակիցների հետ, հայտնում է  BBC-ի ռուսկան ծառայությունը։

Գարսոնին կասկածում են անփութության մեջ, բայց առայժմ մեղադրանքներ չեն ներկայացվել։  Իշխանությունների ներկայացուցիչների խոսքով՝ մեքենավարը խոստովանել է, որ չի նվազեցրել արագությունը։

Կիրակի օրը մեքենավարին կալանքից ազատել էին, բայց նա դատարանի հսկողության տակ է. ամեն շաբաթ պետք է ներկայանա դատարան։ Գարսոնի անձնագիրը դատարանում է, նա առանց թույլտվության երկրից բացակայելու իրավունք չունի։