Նվազագույնը 13 մարդ է տուժել օգոստոսի 3-ին Հարավային Խորվաթիայի Դրնիշ քաղաքի մոտակայքի երկաթուղային անցուղում գնացքի եւ ուղեւորատար ավտոբուսի բախումից, հայտնում են տեղական լրատվամիջոցները

Կնին քաղաքի կողմից շարժվող գնացքը ավտոբուսին բախվել է Բադան եւ Սիվերիչ բնակավայրերի հատման կետում, որտեղ պատնեշ չի եղել եւ չի աշխատել լուսացույցը:  Ոստիկանության մամուլի քարտուղար Մարիցա Կոսորը  Hina գործակալությանը հայտնել է, որ վթարի հետեւանքով տուժել է 13 մարդ, երկուսի կյանքը վտանգի տակ է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: 

Բոլոր տուժածներն ավտոբուսի ուղեւորներ են: Նրանց տեղափոխել են Շիբենիկ քաղաքի հիվանդանոց: Գնացքի մեքենավարը նույնպես բուժօգնության է դիմել, բախումից հետո նա շոկային վիճակում է եղել:

Հաղորդվում է, որ նախքան փրկարարական ծառայությունների ժամանումը, տեղի բնակիչները տուժածներին օգնություն են ցուցաբերել: Վթարի վայր են ժամանել շտապօգնության չորս բրիգադներ եւ հրշեջներ: Տվյալ հատվածում տրանսպորտի երթեւեկությունը դադարեցվել է:  Կատարվում է քննություն: