«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ոչ մի փուլում մերձեցման մասին խոսք չի գնացել, իսկ փոխվստահության մթնոլորտ կողմերի միջեւ չի եղել հենց սկզբից»,- մարտի 13-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, գործընթացի սկզբից էլ պարզ էր, որ թուրքական կողմը փորձելու է խաբել, մանեւրել եւ իր կողմից առաջ քաշված նախապայմանները փաթաթել Հայաստանի վզին։ «Հայ-թուրքական արձանագրությունների վնասներն ակնհայտ են, իսկ օգուտները դեռեւս չենք տեսել», — նշեց ԱԺ պատգամավորը։ Որպես ասվածի ապացույց նա ներկայացրեց այն փաստը, որ Հայոց ցեղասպանությանը մշտապես աջակցած ամերիկացի մի քանի կոնգրեսականներ, ի դեմս Մըք Քոուլի, այս անգամ դեմ են քվեարկել օրինագծին՝ պատճառաբանելով, թե բանաձեւի ընդունումը կարող է վնասել հայ-թուրքական հարաբերություների կարգավորման գործընթացին։ «Այդպիսի դիրքորոշում հայտնեց նաեւ ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը՝ նշելով, որ Միացյալ Նահանգները չի ցանկանում խոչընդոտել հայ-թուրքական գործընթացին, եւ ինքն անձամբ չի ողջունում բանաձեւի ընդունումը», — նշեց Վահան Հովհաննիսյանը։
Անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարության հրավերով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ապրիլի կեսերին այդ երկիր կատարելիք այցին՝ նա համոզմունք հայտնեց, որ դա հերթական ծուղակ է, որը նպատակ ունի Նախագահ Օբամային ազատել հայ համայնքին ուղղված իր ապրիլքսանչորսյան ելույթում «ցեղասպանություն» բառն օգտագործելու պարտականությունից։
Հիշեցնենք, որ մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը 23 կողմ եւ 22 դեմ ձայներով ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը: Դրան ի պատասխան՝ Թուրքիան ԱՄՆ-ից հետ էր կանչել իր դեսպան Նամըք Թանին՝ «խորհրդատվություններ անցկացնելու նպատակով»:



















