Եթե Հայաստանն ու Ադրբեջանը ցանկանում են ղարաբաղյան հարցի լուծում գտնել, ապա Ռուսաստանին պետք է դիմեն ամենավերջում, որը միշտ էլ կդանդաղեցնի լուծումը եւ կուռճացնի այդ հակամարտությունը։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է ռուսաստանցի ձեռնարկատեր Բորիս Բերեզովսկին։

«Ռուսաստանի նպատակը դարերով անփոփոխ է մնում՝ բաժանիր, որ տիրես, հալածիր եւ ստրկացրու։ Իհարկե, սա վերաբերում է նաեւ Ադրբեջանին»,- հայտարարել է Բերեզովսկին։

Նա հիշեցրել է,, որ մի ժամանակ ինքը զբաղեցրել է ԱՊՀ գործադիր քարտուղարի պաշտոնը եւ մեկ անգամ չէ, որ հանդիպել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ. «Ես ուժերիս ներածի չափով անում էի ամեն ինչ, որպեսզի ղարաբաղյան հարցը լուծվի խաղաղ ճանապարհով։ Այն ժամանակ ես մեծ հակազդեցություն էի տեսնում Ռուսաստանի ուժային եւ ռազմական կառույցներում։ Դուք հիշում եք, որ ես պաշտոնից ազատվեցի Ադրբեջանում եղածս ժամանակ»։

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության հետագա զարգացման գործընթացին, ինչպես կարծում է Բերեզովսկին, «Կրեմլը առավելագույնս կբորբոքի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եղած կրքերը, հակամարտությունը կօգտագործի իր օգտին, եւ անկասկած է, որ նրան բացարձակապես չեն հուզում ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ադրբեջանի շահերը»։

«Կասկած չկա, որ Ռուսաստանը կգնա ցանկացած ներխուժման, եթե Իլհամ Ալիեւը փորձի քայլեր ձեռնարկել „գրավյալ տարածքները“ ետ բերելու ուղղությամբ»,- հայտարարել է Բերեզովսկին։

«Որքան էլ տարօրինակ հնչի, ես կարող եմ միայն մի խորհուրդ տալ՝ չներգրավել միջնորդների, միմյանց հետ խոսել ուղիղ կերպով։ Սա այս դժվարագույն իրավիճակի լուծման անհրաժեշտ պայմանն է»,- ամփոփել է Բերեզովսկին։