Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է վնաս հասցնել հայ-թուրքական հարբերություններին։
Ինչպես հայտնում է Reuters-ը, այդ բանաձեւի ընդունումից հետո Թուրքիան ետ է կանչել Ստոկհոլմում իր դեսպանին։ Այս որոշումն ընդունվել է մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ Անկարան ԱՄՆ Կոնգրեսում նմանօրինակ բանաձեւի ընդունումից հետո ետ է կանչել ԱՄՆ-ում իր դեսպանին։
Այնուամենայնիվ, Reuters-ը հիշեցնում է, որ չնայած Թուրքիայում անհապաղ հայտարարել են այդ բանաձեւերի՝ հայ-թուրքական հաշտեցման գործընթացի վրա ունեցած վատ ազդեցության մասին, հարաբերությունների կարգավորման գործընթացը մի քանի ամիս առաջ արդեն իսկ դանդաղել էր. «Հայերի կոտորածների մասին հարցն այնքան զգայուն է, որ թուրքերը հանուն դրա պատրաստ են վտանգել իրենց հիմնական համախոհների հետ հարաբերությունները»,- գրում է գործակալությունը՝ հիշեցնելով, որ Ֆրանսիայի, Ռուսաստանի, Հունաստանի, Գերմանիայի, Բելգիայի եւ Կանադայի օրենսդիր մարմինները եւս նմանօրինակ բանաձեւեր են ընդունել։ Այնուհետեւ Reuters-ը վերլուծում է, որ ԱՄՆ-ում բանաձեւի ընդունման պատճառով չարությունից պայթող թուրքերին զայրացրել է իրենց հանդեպ Ֆրանսիայից կամ Գերմանիայից առավել բարեհաճ տրամադրված Շվեդիայի կողմից նմանօրինակ բանաձեւի ընդունումը։



























